ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

1 2

♥ ♥ ♥

Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՛տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանո՛ւկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
(ՆՈՐՕՐՅԱ ԱՂՈԹՔ)

______________

♥ ♥ ♥

Եվ իսկապես էլ` մեր թիկունքն է մութ.
Գուցե առավել մեր ճակատն է մութ.
Մո՜ւթը առջևից – մո՜ւթը ետևից,
Մենք` երկու մթան նեղլիկ արանքում,-
Էլ ի՜նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք:
Պիտի սեղմըվենք աջ ու ձախ թևից,
Սեղմըվե՛նք անվերջ-անվերջ խտանա՛նք,
Բայց… չբթանանք այնքան, որ կարծենք,
Որ եթե մթան խտացումից է միշտ լույսը ծնվում,
Ապա կծնվի ինքնաբերաբար…
(ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԸ)

____________________________________

♥ ♥ ♥

Ես նախկինն եմ, բա՛ն չի փոխվել.
Առաջվա պես ուժն եմ սիրում,
Նախ և առաջ` ո՛ւժը,
Հետո` ո՜ւժը կրկին,
Բայց այս անգամ արդեն ո՛չ ձեր հասկացածը.
Կարեկցանքի՛
Եվ բարությա՜ն ուժն ահարկու,
Որ զորեղ է, ինչպես… հացը,
Հզոր, ինչպես… մանկան լացը,-
Կարեկցանքի՜
Եվ բարությա՜ն ուժն ահարկու:
(ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՊԱՏԻ ՀԵՏ)

____________________________________

♥ ♥ ♥

Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի… անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք` անմաքուրնե՜րը,
Քանզի… աշխարհին մաքրությո՜ւն է պետք…
(ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ)

_________________________________________

2 comments on “ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Leave a comment